«Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունները հայտարարություն են ստորագրել խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու վերաբերյալ: Հայտարարությունում, որի տեքստը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ազատության» նախագահ Հրանտ Բագրատյանը, ասված է. «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունները հայտարարում են, որ 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին հանդես են գալու համատեղ ուժերով՝ ներկայացնելով ՀՀ զարգացման տեսլականը և նպատակ ունենալով երկրում իրական քաղաքական և տնտեսական փոփոխություններ բերելու։
Մենք հայտարարում ենք, որ ընտրություններին մասնակցելու ենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լայն կոնսոլիդացիա ապահովող համապետական ցուցակով ստեղծելով յուրովի դաշինք, որտեղ իրենց ուրույն տեղն ու դերն ունեն «Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների անդամները, այն բոլոր անկուսակցական անհատները, որոնք մեր գաղափարակիցն են և կիսում են մեր առաջ քաշած քաղաքական պլատֆորմը»:
Համատեղ ցուցակը կգլխավորի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, վարչապետի թեկնածուն Հրանտ Բագրատյանն է, որ նաև կգլխավորի խորհրդարանական խմբակցությունը և հեղինակել է նախընտրական ծրագրի տնտեսական բաժինը: